Ցերեկային քնկոտության տհաճ զգացումը կարելի է հեշտությամբ հաղթահարել։ Այս մասին «Վեչերնյայա Մոսկվա»-ի հետ զրույցում ասել է թերապևտ Տատյանա Ռոմանենկոն՝ ներկայացնելով այս խնդրի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցները։
Մասնագետի խոսքով՝ քնելու ցանկությունը սովորաբար ի հայտ է գալիս աշխատանքային օրվա կեսին, ինչը պայմանավորված է նրանով, որ մարդու ակտիվությունը նվազագույնի է հասնում, օրգանիզմը չի ստանում բավարար քանակությամբ թթվածին, իսկ միապաղաղ աշխատանքը բացասաբար է անդրադառնում ուշադրության կենտրոնացման վրա։
«Մարդու կենսակերպն ու օրակարգն անմիջականորեն կապված են քնկոտության առաջացման կամ բացակայության հետ», – նշել է մասնագետը՝ ընդգծելով, որ քնկոտությունից խուսափելու համար պարզապես հարկավոր է հետևել մի քանի պարզ խորհուրդի։
«Հարկավոր է ընդմիջումներ անել աշխատանքի ընթացքում ու կարճատև մարմնամարզություն անել։ Բացի այդ, հարկավոր է նաև օդափոխել աշխատասենյակը», – հավելել է նա։
Ռոմանենկոյի խոսքով՝ ցերեկային քնկոտության դեմ պայքարի միջոցները բազմաթիվ են, սակայն մինչ դրանցից որևէ մեկը փորձելը հարկավոր է պարզել խնդրի պատճառը։ Որոշ դեպքերում քնկոտությունը կարող է պայմանավորված լինել առողջական որոշակի խնդիրներով, ուստի առաջին հերթին հարկավոր է ազատվել խնդրի պատճառից։