Լուսնի վրա մարդու համար բարենպաստ ջերմաստիճան ունեցող վայր է հայտնաբերվել
Դիտումներ՝ *
13:31 2022-07-29

17 աստիճան Ցելսիուս` այն, ինչ անհրաժեշտ է նոր առաքելությամբ տիեզերագնացների վայրէջքի համար:

Լուսինը հեռու է հյուրընկալ վայրը լինելուց։ Նույնիսկ, եթե հաշվի չառնեք միկրոմետեորիտների անկման վտանգն ու ծայրահեղ ճառագայթումը, այս խառնարանային անապատը այցելուներին դիմավորում է ջերմաստիճանի հանկարծակի փոփոխություններով՝ ցերեկը 127°C-ից մինչև գիշերը -173° C-ով: Արբանյակի մակերեսի երկար ուսումնասիրությունից հետո, սակայն, Lunar Reconnaissance Orbiter (LRO) զոնդի միջոցով հետազոտողները գտել են մարդու համար բարենպաստ պայմաններով վայր:

Խոսքն առնվազն երկու լուսնային փոսերի մասին է, որոնք, դատելով տեսանելի եզրերից, տանում են դեպի քարանձավներ և լավային խողովակներ։ Դրանք կարող են բավականաչափ մեծ լինել, որպեսզի տեղավորեն ամբողջ քաղաքներ: Ըստ LRO ջերմային պատկերման տեսախցիկի, երկար լուսնային օրվա ընթացքում (գրեթե 15 երկրային օր) մշտական ստվերի պատճառով այնտեղ ջերմաստիճանը գրեթե անփոփոխ է՝ մոտ 17°C:

Թիմը, որում ընդգրված էին Լոս Անջելեսում Կալիֆոռնիական համալսարանի մոլորակագիտության պրոֆեսոր Դեյվիդ Փեյջը և Կոլորադոյի Բոլդերի համալսարանից Փոլ Հեյնը, կարծում են, որ ստվերը պատասխանատու է ջերմաստիճանը կայուն պահելու, ցերեկային ջերմությունը սահմանափակելու և գիշերը ջերմային ճառագայթումը կանխելու համար:

Գտածոն ապացուցում է, որ նման քարանձավները պետք է որոշիչ դեր ունենան մարդկության՝ Լուսին վերադարձի գործում, որին ՆԱՍԱ-ն պատրաստվում է արդեն 2024 թվականին։

Լուսնի վրա անցքեր առաջին անգամ հայտնաբերվել են 2009 թվականին, և այդ ժամանակվանից գիտնականներին հետաքրքրում է, թե արդյոք դրանք տանո՞ւմ են դեպի քարանձավներ, որոնք կարող են հետազոտվել կամ օգտագործվել որպես ապաստան ճառագայթումից և ջերմաստիճանի տատանումներից: