Տեսախաղերը կարող են բարձրացնել երեխաների ինտելեկտուալ մակարդակը
Դիտումներ՝ *
13:22 2022-07-20

Ժամանակակից մարդու կյանքն անհնար է պատկերացնել առանց թվային գաջեթների և դրանց ընձեռած հնարավորությունների։ Այդ պատճառով էլ անհրաժեշտություն է առաջանում արդիականացնել կյանքի բազմաթիվ ոլորտներ, այդ թվում և կրթական համակարգը՝ հարմարեցնելով այն նոր սերնդի իրողություններին:

Այսպիսով, եթե նախկինում տեսախաղերը լռելյայն համարվում էին անօգուտ զբաղմունք և ժամանակի վատնում, ապա այժմ մարդկանց կարծիքն այս հարցում կարող է փոխվել։

Կարոլինսկայի համալսարանի (Շվեդիա) հետազոտողները ամփոփել են երկամյա փորձի արդյունքները, որի ընթացքում նրանք ուսումնասիրել են երեխաների ինտելեկտուալ զարգացման մակարդակի կապը թվային տիրույթում ժամանակի անցկացման նրանց կողմից նախընտրելի եղանակի հետ։

 

Հետազոտությանը մասնակցել է 9-10 տարեկան ավելի քան 5000 դպրոցական: Գիտնականները պարբերաբար ստուգում էին երեխաների ինտելեկտուալ զարգացման մակարդակը՝ օգտագործելով մի շարք թեստեր, և հետևում էին դրա դինամիկային: Միևնույն ժամանակ, նրանք հաշվի էին առնում, թե ինչպես էր երեխան անցկացնում իր ազատ ժամանակը թվային տիրույթում։ Ըստ այդմ էլ երեխաներին բաժանել էին մի քանի խմբի՝ նրանք, ովքեր նախընտրում էին տեսախաղերը, նրանք, ովքեր նախընտրում էին տեսանյութեր դիտելը, նրանք, ովքեր նախընտրում էին սոցիալական ցանցերը, նրանք, ովքեր նախընտրում էին մեսենջերների միջոցով շփվելը և այլն։

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ տեսախաղերի սիրահարների շրջանում երեխաների 17%-ի մոտ ինտելեկտուալ զարգացման մակարդակը 2,5 կետով ավելի բարձր է, քան իրենց հասակակիցներինը։ Իսկ այն երեխաների մոտ, ովքեր նախընտրում են օգտվել սոցիալական ցանցերից, դիտել առցանց տեսանյութեր ևն, ինտելեկտուալ մակարդակի ցուցանիշների տատանումները չեն գերազանցել թույլատրելի սխալանքի սահմանը։ Հետազոտողները շեշտում են, որ այս հետազոտության արդյունքների հիման վրա ոչ մի եզրակացություն չի կարելի անել տեսախաղերի առավելությունների և/կամ թվային ժամանցի այլ տեսակների վտանգների մասին։ Բայց այն, որ տեսախաղերն օգնում են ժամանակակից երեխաներին բարձրացնել իրենց ինտելեկտուալ մակարդակը, արդեն իսկ անվիճելի փաստ է։

ita.am

Ամենաընթերցված