Երեք պարզ կանոն առողջ ու անթերի մաշկ ունենալու համար
Դիտումներ՝ *
18:15 2022-07-14

Մաշկը մարդու ամենամեծ օրգանն է, որը շատ կարևոր պաշտպանիչ դեր է խաղում և առաջինն է ենթարկվում արտաքին միջավայրի ու մարդու վատ կենսակերպի անբարենպաստ ազդեցությանը, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են շատ մեծ ուշադրություն դարձնել մաշկի խնամքին։

Մաշկաբան Անաստասիա Ելիստրատովան ներկայացրել է մաշկի ճիշտ խնամքի հիմնական սկզբունքները, որոնք կօգնեն մոռանալ մաշկային տարատեսակ խնդիրների մասին։

Մասնագետի խոսքով՝ մաշկի վիճակի բարելավման համար առաջին հերթին հարկավոր է բացառել մեծ քանակությամբ կոսմետիկ միջոցների գործածությունը։ Ինչպես բացատրում է բժիշկը նման միջոցների առատ գործածությունը քայքայում է մաշկի պաշտպանիչ թաղանթը՝ կախարդական կերպարանափոխության փոխարեն հանգեցնելով բորբոքումների, մաշկի չորության, թեփոտվածության ու գրգռման։

Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետը հորդորում է հետևել ընդամենը երեք պարզ կանոնի։ Դրանք են․

Մաշկի ճիշտ մաքրում

Մաշկը հարկավոր է լվանալ օրական երկու անգամ՝ օգտագործելով նուրբ ու համասեռ մաքրող միջոց և հաճելի ջերմաստիճանի ջուր։ Ընդ որում՝ մաշկի վրա խորհուրդ է տրվում ներգործել բացառապես մատներով։

Մաշկի խոնավացում

Լվացվելուց հետո հարկավոր է անպայման խոնավացնող նրբաքսուք օգտագործել։ Ընդամենը մի միջոցի գործածությունը բավական կլինի, սակայն խնամքի միջոցների մի քանի սպեցիֆիկ տեսակների անհրաժեշտության դեպքում կարելի է օգտագործել նաև դրանք։

Մաշկի պաշտպանություն

Մաշկն արևի ճառագայթներից պաշտպանելը ևս շատ կարևոր է, ուստի տնից դուրս գալու դեպքում չի կարելի մոռանալ նաև արևապաշտպան քսուք օգտագործելու մասին։ Ընդ որում՝ այն պետք է լինի ազդեցության լայն սպեկտրով, որպեսզի պաշտպանի UVA և UVB ճառագայթներից, և ունենա պաշտպանության առնվազն SPF 30 ցուցանիշ։