Մասնագիտական այրման 5 փուլեր
Դիտումներ՝ *
16:04 2022-07-14

«Հուզական այրում» տերմինը հայտնի է դեռ անցյալ դարի վերջից։ Այն վերագրվում է ամերիկացի հոգեբան Ֆրեդենբերգին։ Այս տերմինի տակ թաքնված է համախտանիշ, որը դիտարկվում է «մարդ-մարդ» սկզբունքով աշխատանքում ներգրավված մասնագետների լայն շրջանակի մոտ։

Բոլորը գիտեն մասնագիտական այրման մասին, բայց միշտ չէ, որ գիտակցում են, որ այդ գործընթացը մի քանի փուլ ունի, «Аргументы и факты»-ին ասել է ընկերության հիմնադիր եւ ղեկավար, բիզնես-մարզիչ եւ հոգեբան Յուլյա Կարասեւան:

Առաջին փուլն, այսպես կոչված, «մեղրամիսն» է։

Այս ընթացքում աշխատակիցը դեռ աշխատում է եռանդով, փորձում է անել առավելագույնը, դրսեւորվում է եւ ամեն ինչ անում է որակով ու ժամանակին։ Սակայն սթրեսն արդեն սկսում է կուտակվել ու առաջանում է զգացում, որ ամեն ինչ այնքան էլ լավ չէ, որքան թվում է, մարդը սկսում է կորցնել էներգիան։

Երկրորդ փուլ՝ «վառելիքի անբավարարություն»։

Այս փուլում մարդն արդեն ապատիա է զգում, քնի հետ կապված խնդիրներ են ծագում, նա հոգնած է։ Աշխատանքի նկատմամբ հետաքրքրությունը սկսում է իջնել, նախկին նախաձեռնողականությունը նվազում է, ակտիվությունը անհետանում է, արտադրողականությունը սկսում է տուժել:

Երրորդ փուլ՝ քրոնիկ ախտանիշների առաջացում:

Առանց քնելու եւ հանգստի աշխատելը, սթրեսը պատշաճ կերպով հաղթահարելու հնարավորություն չունենալը պատճառ է դառնում ավելի շատ ֆիզիկական, ճանաչողական եւ հուզական դրսեւորումների, ինչպիսիք են ուժասպառությունը, հաճախակի հիվանդությունները, զայրույթի սրացումը, «անկյուն քշվածի» զգացումը:

Չորրորդ փուլը բուն ճգնաժամն է։

Այս փուլն արդեն առողջության համար վտանգավոր է համարվում, զգուշացնում է մասնագետը։ Ճգնաժամի մեջ գտնվող մարդու առողջությունը վտանգի է ենթարկված՝ քրոնիկ հիվանդությունների զարգացման առումով։ Եվ դա հաճախ դառնում է պատճառ, որ մարդը կորցնի աշխատունակությունը, գլուխ չհանի առաջադրանքներից՝ ինչպես ամբողջությամբ, այնպես էլ տեղ-տեղ։

Հինգերորդ փուլը «պատի ճեղքումն» է։

Այս փուլին բնորոշ է չանցնող ապատիայի, երկարատեւ ձգձգվող դեպրեսիայի առաջացումը։ Աշխատանքային պարտականությունների կատարումն այս փուլում տեղի է ունենում մեխանիկորեն, չկա էներգիա, հետաքրքրություն եւ ներգրավվածություն:

«Այստեղ մարդն արդեն հուզականորեն այրված է, իսկ սուր վիճակում գտնվելը առողջության եւ կարիերայի հետ կապված խնդիրներ է առաջացնում։ Սկզբունքորեն մարդն այլեւս չի կարող ինքնուրույն գլուխ հանել իր վիճակից։ Այս փուլում աշխատանքից հեռանալու մեծ ռիսկ կա»,- բացատրում է Յուլյա Կարասեւան։