Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մարդու շուրթերը
Դիտումներ՝ *
16:48 2022-07-13

Շուրթերի վիճակի փոփոխությունը սովորաբար վերագրվում է սխալ խնամքին, սակայն իրականում խնդիրը կարող է պայմանավորված լինել նաև բավական լուրջ հիվանդություններով։ Այս մասին «Դոկտոր Պիտեր» պորտալի հետ զրույցում ասել է թերապևտ Լիդիա Գոլուբենկոն։

Մասնագետի խոսքով՝ շուրթերի ամենատարածված խնդիրներից մեկը՝ ճաքերը, սովորաբար պայմանավորված են լինում վատ խնամքով կամ օդի չորությամբ, սակայն եթե օդը բավական խոնավ է, իսկ խնամքն արդյունավետ չի լինում, ապա հարկավոր է դիմել մասնագետին, քանի որ խնդիրը կարող է պայմանավորված լինել սակավարյունությամբ (անեմիա)։

«Բերանի անկյուններում առաջանում են փոքրիկ, սակայն շատ ցավոտ ճաքեր։ Շատ հաճախ նման խնդիրն ի հայտ է գալիս օրգանիզմում քրոնիկ վարակների առկայության, В խմբի վիտամինների դեֆիցիտի դեպքում։ Բացի այդ, խնդիրը կարող է կապված լինել նաև հորմոնալ դիսբալանսի, ջրազրկման ու ճարպալույծ վիտամինների պակասի հետ», – նշել է մասնագետը։

Առողջական տարբեր խնդիրների մասին կարող է հուշել նաև շուրթերի երանգը։ Օրինակ՝ շուրթերը կարող են վառ կարմիր գույն ստանալ զարկերակային գերճնշման կամ երիկամների ախտահարման դեպքում, մինչդեռ կապույտ երանգը հուշում է սրտամկանի կամ արյան շրջանառության հետ կապված խնդիրների մասին։ Առհասարակ հարկ է հիշել, որ շուրթերի գույնի ցանկացած փոփոխություն կարող է պայմանավորված լինել վտանգավոր խնդրով։

tert.am