Apple-ը կթողարկի անսովոր նստատեղերով և տանիքով մեքենա
Դիտումներ՝ *
15:23 2022-07-13

Apple-ի մեքենայի դիզայնում կլինեն չորս նստատեղեր, որոնք կդասավորվեն միմյանց դեմ, ինչպես նաև կոր տանիք, որը հիշեցնում է Volkswagen Beetle-ի տանիքը, հայտնում է «The Information»-ը: Հրատարակությունը նաև նշում է, որ նորույթը կթողարկվի առանց ղեկի և ոտնակների։

Լրագրողների աղբյուրները հաստատել են, որ Apple-ը փորձում է արտոնություն ստանալ ԱՄՆ-ի Ճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունից՝ առանց ղեկի, արգելակի ու գազի ոտնակների մեքենա արտադրելու համար։ Ընկերությունը նույնիսկ քննարկել է հնարավորությունը, որ ուղևորները կարող են պառկել և քնել անօդաչու մեքենայով ուղևորության ժամանակ:

Ըստ աղբյուրի՝ Apple-ի դիզայնի բաժնի նախկին ղեկավար Ջոնի Այվը մնացել է նախագծում՝ որպես խորհրդատու։ Հաղորդվում է, որ նա Apple Car թիմին խորհուրդ է տվել «հաշվի առնել մեքենայի դիզայնի տարօրինակությունները» և չթաքցնել դրա սենսորները:

«The Information»-ի հաղորդմամբ՝ Apple-ն այժմ քննարկում է քաղաքային միջավայրում փորձարկման համար մեքենայի նախատիպը քողարկելու հնարավոր ուղիները: Apple Car-ի ամբողջական թողարկման ժամկետների մասին դեռևս չի հաղորդվում: