10 ավանդական հայկական ուտեստներ
Դիտումներ՝ *
11:12 2022-10-25

1. Խորոված

Հայաստանում չկա ոչ մի տոն, որի ժամանակ չմատուցվի հայկական խորոված: Բացի նրանից, որ հայկական խորովածի համը տարբերվում է յուրաքանչյուր այլ բարբեքյուից, այն նաև համարվում է հայկական ժառանգություն:

2. Տոլմա

Տոլման բաղկացած է մսից, բրնձից և սոխից, որոնք փաթաթված են խաղողի տերևներով: Այս հայկական ուտեստը հաճախ ճաշակում են մածունով և սխտորով: Տոլմայի այս տեսակը նույնպես հայկական ժառանգություն է:

3. Հայկական լավաշ

Լավաշը համարվում է ամենատարածված հացի տեսակը Հայաստանում: Լավաշը ցորենի ալյուրից պատրաստված անթթխմոր բարակ հաց է, որը թխվում է թոնրի մեջ և որն անգլալեզու աղբյուրներում հիշատակվում է՝ որպես «հայկական դյուրաբեկ հաց»: 2014 թվականին որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացված «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» հայտը:

4. Հարիսա

Հարիսան պինդ շիլա է՝ պատրաստված ջարդած ցորենից և յուղոտ մսից (հիմնականում հավ կամ ոչխար): Պատրաստման գործընթացը տևում է մոտ 5 ժամ և հանդիսանում է հայկական ավանդությունների անբաժան մասը:

5. Սպաս

Սպասը, թերևս, բոլոր հայերի ամենասիրելի ապուրներից մեկն է: Մածունով պատրաստված այս ապուրն իսկապես շատ համեղ է:

6. Ժինգյալով հաց

Տարբեր տեսակի ուտելի կանաչիներով խճողված բլիթ: Ժինգյալով հաց կարելի է գտնել Հայաստանի բոլոր անկյուններում, սակայն այն ունի արցախյան արմատներ:

7. Խաշ

Ամենահանրահայտ հայկական ուտեստը, որն ուտում են վաղ առավոտյան: Պատրաստվում է տավարի տոտիկներից և մատուցվում է չոր լավաշով, աղով, սխտորով և օղիով: Խաշի սեղանի շուրջ հավաքվելը հայտնի հայկական ավանդույթ է:

8. Գաթա

Անցնենք աղանդերներին: Գաթան հայկական թխվածք է: Ունի տարբեր ձևեր և չափեր: Գաթան համարվում է համար մեկ բրենդը, որը շատ են սիրում Հայաստանի գրեթե բոլոր զբոսաշրջիկները:

9. Քաղցր սուջուխ

Այս հայկական աղանդերը զարդարում է Հայաստանի բոլոր շուկաները: Սա շատ համեղ աղանդեր է՝ պատրաստված ընկույզից և խաղողի օշարակից:

10. Փախլավա

Եվ վերջապես, փախլավա: Այս բազմաշերտ թխվածքը՝ մանրացված ընկույզով և մեծ քանակությամբ մեղրով, կարող է իսկապես քաղցրացնել Ձեր կյանքը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am