Yerevantsies in Yerevan. քաղաքային սթրիթ սթայլը՝ ինստագրամյան հարթակում
Դիտումներ՝ *
14:29 2022-06-13

Ինստագրամում բազմաթիվ էջերի կարելի է հանդիպել, որոնք ներկայացնում են այս կամ այն քաղաքի փողոցային նորաձևությունը: Կինոքննադատ, մշակութային լրագրող Դիանա Մարտիրոսյանը ձեռնամուխ է եղել նմանատիպ հայկական՝ Yerevantsies in Yerevan ինստագրամյան էջի բացմանը:

«Գաղափարը օրիգինալ չէ: Ինստագրամում շատ քաղաքներ ունեն իրենց նմանատիպ էջերը՝ New Yorkers in New York, Amsterdammers in Amsterdam, Berliners in Berlin… Վերջիններս ներկայացնում են իրենց քաղաքի սթրիթ սթայլը, տարբեր տարիքի և սեռի մարդկանց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դիանա Մարտիրոսյանը:

Վերջինս՝ որպես սպառող, առօրյա հագուստի սիրահար է, ուստի նորաստեղծ էջում ևս ներայացված են քեժուալ ոճի կերպարներ:

«Ցանկություն կար, որ երևանցիներն էլ ինչ-որ տեղ երևան: Ինձ հետաքրքիր էր մարդկանց հագուկապը, ես ուզում էի հենց երևանցիներին ու Երևանում քայլող օտարերկրացիներին նկարել:

Առօրյա սպոնտան նկարներ են: Ցանկալի է մարդկանց տեղյակ պահել, որ իրենց նկարում ես, թեև միշտ չէ, որ հաջողվում է: Այդ դեպքում աշխատում եմ մեջքից նկարել, կամ, եթե դեմքը երևում է, ծածկել այն»:

Yerevantsies in Yerevan էջը, ինչպես նշում է Դիանան, բազմազանության մասին է.

«Չկան սահմաններ, դրանք միայն մեր գլխում են և հագուստի հետ միշտ կարելի է փորձարկումներ անել, միշտ ոգեշնչվել, հաճույք ստանալ»:

Էջին աջակցելու համար հետևելուց բացի կարող եք դառնալ նաև մասնակից՝ Դիանային ուղարկելով որակյալ, չբեմադրված լուսանկարներ:

Անի Գաբուզյան

168.am