Հայաստանցի օգտատերերի վրա ֆինանսական վնասաբեր ծրագրերի և տեղային սպառնալիքների գրոհներն ուժգնացել են
Դիտումներ՝ *
12:01 2022-06-07

Այս տարվա առաջին եռամսյակում 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում համակարգչային ֆինանսական վնասաբեր ծրագրերի և տեղային սպառնալիքների գրոհներն ուժգնացել են, իսկ այլ կիբեռսպառնսալիքների դեպքում ցուցանիշները կա՛մ մնացել են նույնը, կամ նվազել։ Այսպես, «Կասպերսկի» ընկերության տվյալներով՝ համակարգիչների օգտատերերի բաժինը, որոնք 2022-ի հունվար-մարտին ենթարկվել են ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհների, կազմել է 0,6%. նախորդ տարվա առաջին եռամսյակում այդ ցուցանիշը կազմել 0,4%։

2022-ի առաջին եռամսյակում ծածկագրող-շորթող ծրագրերի գրոհների բախվել է երկրում գտնվող օգտատերերի 0,1%-ը, որոնց բաժինը չի փոփոխվել։

Հայաստանում կրճատվել է այն օգտատերերի մասնաբաժինը, որոնք ենթարկվել են թաքնված կրիպտոմայներների գրոհների. եթե ընթացիկ տարվա հունվար-մարտին այն հավասար էր 0,85%-ի, ապա 2021-ի առաջին եռամսյակում՝ 1,2%-ի։

Ինչ վերաբերում է համացանցային գրոհներին (վեբ-գրոհներ), ապա դրանք 2022-ի հունվար-մարտին գրանցվել են համակարգիչների օգտատերերի 7,88%-ի մոտ՝ մեկ տարի առաջվա 9,44%-ի դիմաց. 2021-ի առաջին եռամսյակում Հայաստանն այդ ցուցանիշով զբաղեցրել է 13-րդ տեղն աշխարհում:

Աճի միտում է նկատվել տեղային սպառնալիքների ոլորտում (վնասաբեր ծրագրեր, որոնք սարք են ներթափանցում տարբեր շարժական կրիչներից, օրինակ՝ USB-ֆլեշերից կամ հիշողության քարտերից). Հայաստանում տեղային սպառնալիքների գրոհների բախված օգտատերերի մասնաբաժինը 2021-ի առաջին եռամսյակի 21,4% ցուցանիշից աճել է մինչև ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածի 23,08% ցուցանիշը:

Ընկերության փորձագետները կիբեռգրոհների զոհ չդառնալու համար անհատ օգտատերերին խորհուրդ են տալիս չանցնել սոցիալական ցանցերի, փոստի և մեսենջերների կասկածելի հղումներով ու թերահավատորեն վերաբերվել շահավետ առաջարկներով ցանկացած հաղորդագրության, իրենց բոլոր օգտահաշիվների համար օգտագործել տարբեր հուսալի գաղտնաբառեր և սարքում տեղադրել հուսալի պաշտպանական լուծում։

Կորպորատիվ օգտատերերին խորհուրդ է տրվում աշխատակիցների համար պարբերաբար անցկացնել կիբեռգրագիտության դասընթացներ, որտեղ կարելի է մշակել թվային միջավայրում անվտանգ վարքագծի գործնական հմտություններ, կատարել ֆայլերի պահուստային կրկնօրինակում և ծածկագրում ՝ սարքի կորստի և տվյալների արտահոսքի դեպքում լրացուցիչ պաշտպանության համար, կանոնավոր կերպով թարմացնել ծրագրային ապահովումը, քանի որ նման թարմացումներում մշակողները վերացնում են խոցելիությունները, որոնցից կարող են օգտվել չարագործները, ինչպես նաև համալիր պաշտպանության համար օգտագործել հարմար լուծում՝ պարզ կառավարմամբ և անվտանգության ստուգված գործառույթներով։