Ինչպե՞ս թողնել ծխելը. մասնագետների խորհուրդները
Դիտումներ՝ *
16:03 2022-06-01

Հայաստանում 16 տարեկանից բարձր բնակչության 27.9 տոկոսը ծխում է:

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի քիմիաթերապևտ Կարինե Սողոմոնյանը նշեց, որ ծխամոլությունը Հայաստանում լուրջ խնդիր է, և այդ ցուցանիշը մեր երկրի համար բավական բարձր է համարվում:

«Հաշվի առնելով վերջին տարիների հետազոտությունները, ըստ որոնց, ծխախոտը ոչ թե բարձր ռիսկի գործոն է, այլ հենց թոքի քաղցկեղի առաջացման պատճառ, մեր խնդիրն է ձեռնարկել միջոցառումներ, որպեսզի կանխենք հիվանդությունը, այլ ոչ թե այն զարգանա ու նոր պայքարենք»,- ասաց Կարինե Սողոմոնյանը:

Ծխախոտի ծխի մեջ կա ավելի քան 4 հազար քիմիական նյութ, որոնցից առնվազն 250-ը հայտնի է որպես վնասակար և ավելի քան 50-ը՝ որպես քաղցկեղածին: Կարինե Սողոմոնյանը նշեց, որ նիկոտինը հանգեցնում է կախվածության, իր ազդեցությունն է թողնում, որ մարդն անընդհատ ցանկանա ծխել: Քաղցկեղածին նյութերն էլ օնկոլոգիական հիվանդությունների առաջացման գլխավոր ռիսկի գործոնն են: Դրանք են՝ թոքի, միզապարկի քաղցկեղը: Դրանից բացի ռիսկի գործոն են սիրտ-անոթային հիվանդությունների համար:

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի սրտաբան, ներանոթային վիրաբույժ Տիգրան Պողոսյանի խոսքով՝ կան բազմաթիվ էկոլոգիական խնդիրներ, որոնք իրենց ազդեցությունն են թողնում մարդկանց առողջության վրա, դրան էլ գումարվում է ծխախոտը:

«Շատերը մակերեսորեն են նայում խնդրին, բերում են օրինակներ, թե մեկը ծխել է ու ապրել է երկար տարիներ, սակայն կան վիճակագրական տվյալներ, հետազոտություններ, որոնք ապացուցում են ծխախոտի վնասակար ազդեցությունը: Մեր հիվանդների մեծ մասը ծխողներ են: Ծխելն այնպիսի ռիսկի գործոն է, որը հնարավոր է կառավարել»,- ասաց Տիգրան Պողոսյանը: Ի՞նչ անել ծխելը թողնելու համար: Հարցին ի պատասխան՝ մասնագետը նշեց, որ ամենակարևորը կամքի ուժն է: Մարդն ինքը պետք է ջանք գործադրի ու միանգամից, ոչ փուլային, թողնի ծխելը: Կան նաև դեղահաբեր, որոնք նույնպես կարող են օգնել:

Մասնագետները կարևորեցին ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ ծխախոտի դեմ պայքարի շրջանակում իրականացվող միջոցառումները՝ հանրային վայրերում ծխելու արգելքը, խանութներում բաց դարակներում ծխախոտի վաճառքի սահմանափակումը և այլն: Նրանց կարծիքով՝ այդ համալիր գործողություններն իրենց ազդեցությունը կթողնեն ծխախոտի կիրառությունը կրճատելու գործում: Կարինե Սողոմոնյանն էլ հավելեց, որ դպրոցներում կրթական ծրագրերի անհրաժեշտություն կա, որպեսզի երեխաները վաղ տարիքից տեղեկացված լինեն: