Երեխաները, ովքեր խաղում են տեսախաղեր, ցույց են տալիս IQ-ի ավելի մեծ աճ․ ուսումնասիրություն
Դիտումներ՝ *
18:23 2022-06-09

Շվեդիայից, Գերմանիայից և Նիդեռլանդներից մի խումբ գիտնականներ պարզել են, որ 10-12 տարեկան երեխաները, ովքեր համակարգչային խաղեր են խաղում, ընդհանուր ինտելեկտի աճում ավելի լավ արդյունքներ են ցույց տվել, քան իրենց հասակակիցները: Բացի տեսախաղերից, գիտնականները գնահատել են սոցիալական ցանցերի և հեռուստացույց դիտելու ազդեցությունը երեխաների զարգացման վրա:

Հետազոտությունն իրականացվել է Ամստերդամի ազատ համալսարանի բազայի վրա։ Գիտնականները հարցազրույց են անցկացրել 10-12 տարեկան ավելի քան 5 հազար երեխաների հետ։ Հարցվածներին հարցրել են, թե օրական որքան ժամանակ են նրանք ծախսում հեռուստացույց դիտելու, սոցիալական ցանցերի և տեսախաղեր խաղալու վրա: Պարզվել է, որ ամեն օր երեխաները 2,5 ժամ հեռուստացույց են դիտում, մեկ ժամ վիդեոխաղեր են խաղում և 30 րոպե անցկացնում սոցիալական ցանցերում։

Բացի այդ, գիտնականներն ուսումնասիրել են հարցված երեխաների գենետիկան, նրանց ընտանիքների սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակը և խնդիրները լուծելու, սովորելու և ոչ ստանդարտ իրավիճակներում հարմարվելու կարողությունը։ Արդեն այս փուլում գիտնականները նկատել են, որ այն երեխաների ինտելեկտը, ովքեր ժամանակ են անցկացնում հեռուստացույց դիտելու և սոցիալական ցանցերում շփվելու վրա, ավելի ցածր է, քան իրենց այն հասակակիցներինը, ովքեր համակարգչային խաղեր են խաղում։ Բայց, ինչպես նշում են հետազոտողները, այս տվյալները նախկինում հայտնի են եղել, ուստի այս փուլում դրանց մեծ նշանակություն չի տրվել։

Երկու տարի անց գիտնականները կրկնեցին նույն երեխաների հետ ուսումնասիրությունը և պարզեցին, որ տեսախաղերի սիրահարներն ինտելեկտի ավելի մեծ աճ են ցույց տվել, քան իրենց հասակակիցները: Այսպիսով, հարցվածներից մեկը, ընդգրկված հարցվածների 17%-ի մեջ, ովքեր ամենաշատ ժամանակն են անցկացնում խաղերում, ցույց է տվել IQ-ի աճ 2,5 կետով՝ համեմատած այս տարիքի երեխաների միջին արժեքի հետ։ Սոցիալական ցանցերը, ըստ գիտնականների, չեն ազդել ինտելեկտի մակարդակի աճի վրա, սակայն չեն էլ կանխել։ Հեռուստացույց դիտելիս նրանք նույնպես IQ-ի աճ են գրանցել, բայց ոչ այնքան նկատելի, որքան տեսախաղերի դեպքում։

Գիտնականները բացատրում են այս ազդեցությունը բովանդակության սպառման տարբեր եղանակներով: Եթե ​​սոցցանցերի հոսքեր և հեռուստացույց դիտելիս երեխաները անմիջականորեն չեն մասնակցում գործընթացին, ապա խաղի ընթացքում նրանք պետք է ինքնուրույն լուծեն խնդիրները, որոշումներ կայացնեն, վերացական մտածեն:

Միաժամանակ գիտնականները նշել են, որ իրենք հաշվի չեն առել բազմաթիվ գործոններ, ինչպիսիք են քնի քանակը, սնվելու որակը և հոգեկան առողջությունը։ Ուստի ծնողները չպետք է ուսումնասիրությունն ընդունեն որպես խորհուրդ և թույլ տան երեխաներին առանց հսկողության տեսախաղեր խաղալ:

Սիրարփի Աղաբաբյան

168.am