Nokia-ի ղեկավարը կանխատեսել է սմարթֆոններից հրաժարվելու ամսաթիվը
Դիտումներ՝ *
18:16 2022-06-06

Պեկկա Լունդմարկը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած ելույթի ժամանակ կիսվել է սմարթֆոնների շուկայի զարգացման իր տեսլականով։

Nokia-ի գործադիր տնօրեն Պեկկա Լունդմարկը ակնկալում է, որ 6G բջջային ցանցերը կգործարկվեն և կաշխատեն մինչև տասնամյակի վերջը, սակայն նա չի կարծում, որ սմարթֆոնը կշարունակի լինել ամենատարածված ինտերֆեյսն այդ ժամանակ: 2030 թվականից օգտատերերը կսկսեն հրաժարվել իրենց հեռախոսներից՝ հօգուտ այլ սարքերի, հայտնում է CNBC փորձագետի խոսքերը։

«Մինչ այդ, սմարթֆոնը, ինչպիսին մենք գիտենք այն այսօր, հաստատ այլևս չի լինի ամենատարածված ինտերֆեյսը,- ասում է Լունդմարկը,- Շատ սարքեր կներկառուցվեն անմիջապես մեր մարմնի մեջ»:

Nokia-ի ղեկավարը չի նշել, թե որ սարքերը նկատի ունի, սակայն որոշ ընկերություններ, օրինակ՝ Իլոն Մասկի Neuralink-ն, արդեն աշխատում են էլեկտրոնային սարքերի ստեղծման վրա, որոնք կարող են տեղադրվել ուղեղում և օգտագործվել համակարգիչների և այլ մարդկանց հետ հաղորդակցվելու համար։ Ավելի հիմնական մակարդակում չիպերը կարող են տեղադրվել մարդկանց մատների մեջ և օգտագործվել իրերը բացելու համար:

Այն հարցին, թե երբ, ըստ փորձագետի, աշխարհը սմարթֆոններից կտեղափոխվի դեմքի վրա կրվող խելացի ակնոցների և այլ գաջեթների, Լունդմարկն ասաց, որ դա տեղի կունենա մինչև 6G-ի հայտնվելը։

Հիշեցնենք, որ Nokia-ն, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Ֆինլանդիայում, կառուցում է հեռահաղորդակցության ցանցեր, որոնք թույլ են տալիս հեռախոսներին և ինտերնետ հասանելիությամբ այլ սարքերին փոխազդել միմյանց հետ:

Սիրարփի Աղաբաբյան

168.am