Facebook-ի ներքին փաստաթղթերի սքրինշոթները պարզել են, որ ընկերությունը ծրագրել է ընդլայնել իր օգտատերերի բազան՝ թիրախավորելով 6 տարեկանից բարձր երեխաներին: Տեխնոլոգիական հսկան պատրաստվում էր մասնագետներ գտնել իր այս ծրագրերն իրականացնելու համար։
Ընկերության ներքին ռեսուրսներում ապրիլի 9-ին հրապարակված փաստաթղթերում ասվում է, որ Facebook-ը մեծ ներդրումներ է կատարում երիտասարդ օգտատերերին հարթակը հարմարեցնելու համար։ Մինչ այդ ընկերությունը կենտրոնացած էր միայն 13 տարեկանների լսարանի վրա, սակայն այս փաստաթղթերում ընկերության աշխատակիցներից մեկն առաջարկել է ընդլայնել այն՝ ներառելով 6-9 տարեկան երեխաների և 10-12 տարեկան դեռահասների կատեգորիաները՝ 13-15 տարեկան, 16-17 տարեկան և չափահաս օգտվողների արդեն գոյություն ունեցող խմբերի հետ միասին:
Փաստաթղթի հեղինակի խոսքով՝ այս 5 կատեգորիաները կարող են օգտագործվել այդ տարիքային խմբերի կարիքներին համապատասխան ապրանքների թիրախավորման համար։ Դրա համար առաջարկվել է աշխատանքի ընդունել երիտասարդ լսարանի, հատկապես երեխաների և դեռահասների կարիքների համաշխարհային հետազոտության փորձ ունեցող մասնագետների։
Միևնույն ժամանակ, փաստաթղթում չի նշվում, թե կոնկրետ ինչպե՞ս են իրականացվելու նման ծրագրերը, ինչպես նաև չի նշվում, թե ինչպե՞ս է ընկերությունը մտադիր հաղթահարել ԱՄՆ Երեխաների առցանց գաղտնիության պաշտպանության ակտի (COPPA) սահմանափակումները:
Facebook-ի քննադատները պնդում են, որ այս փաստաթղթերը վաղուց հաստատված ռազմավարությունների մի մասն են՝ ավելի երիտասարդ օգտվողներին իրենց օգտատերերի բազա ներգրավելու համար: Common Sense Media-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ջեյմս Սթայերը NBC-ին տված մեկնաբանությունում ասել է, որ Facebook-ը և Instagram-ը բազմիցս ցույց են տվել, որ իրենց չի կարելի վստահել, երբ խոսքը վերաբերում է երեխաների և դեռահասների բարեկեցությանը: Նրա խոսքով, ընկերությունը պետք է կենտրոնանա իր հարթակների զարգացման վրա, այլ ոչ թե երիտասարդ օգտատերերին դեպի դրանք գրավի։
Facebook-ը չի հերքել, որ իրենք նման պլաններ են մշակում. այս մասին ընկերությունը պատասխանել է Wall Street Journal-ի հրապարակմանը։ Պատասխանում ասվում էր, որ բարձր մրցակցային միջավայրում գործող բոլոր ընկերությունները ստիպված են փորձել գրավել երիտասարդների ուշադրությունը, և Facebook-ը նույնպես աշխատում է այս ուղղությամբ։
Սիրարփի Աղաբաբյան