Ինչո՞ւ է նախաճաշելն այդքան կարևոր
Դիտումներ՝ *
14:36 2022-05-31

Նախաճաշի կարևորության մասին շատերը դեռ մանկուց են լսել, սակայն աշխատանքային շաբաթվա ծանրաբեռնվածության պատճառով մարդկանց մեծամասնությունը պարզապես ժամանակ չունի լիարժեք նախաճաշելու համար։ Այնուամենայնիվ, առավոտյան սննդի ընդունումը մնում է շատ կարևոր:

Նախաճաշը կայունացնում է գլյուկոզայի մակարդակը, օգնում է պահպանել էներգիան, բարելավում է տրամադրությունը և նվազեցնում է օրվա ընթացքում առաջացող սովի զգացումը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ նախաճաշ ներառող սննդակարգի խիստ պահպանումը կարող է ունենալ նաև ֆիզիոլոգիական օգուտներ, ինչպիսիք են բորբոքային գործընթացների նվազեցումը և դիմադրողականության բարձրացումը:

 

Նախաճաշելու սովորությունն անմիջապես ազդում է առողջության վրա։ Այսպիսով, Journal of the American College of Cardiology ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր չեն նախաճաշում, 87%-ով ավելի հավանական է, որ մահանան սրտանոթային հիվանդություններից կամ ինսուլտից, քան նրանք, ովքեր նախաճաշում են:

2021 թվականի մեկ այլ հետազոտություն, որը հրապարակվել է Proceedings of the Nutrition Society-ում, ցույց է տվել, որ մարդիկ, ովքեր բաց են թողնում նախաճաշը, ավելի հավանական է, որ իրենց առօրյա կյանքում չեն լրացնում կարևոր սննդանյութերի անհրաժեշտ չափաբաժինը, սա մասնավորապես վերաբերում է կալցիումին, երկաթին, C և D վիտամիններին: Այլ կերպ ասած, ավանդական նախաճաշում ներառված մթերքները պարունակում են կարևոր սննդանյութեր, որոնք մարդիկ միշտ չէ, որ ստանում են հաջորդիվ օրվա ընթացքում՝ ճաշի կամ ընթրիքի ժամանակ:

Կանոնավոր նախաճաշելը շատ օգտակար է նաև հոգեկան առողջության համար:

Psychological Medicine ամսագրում հրապարակված 2020 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն մարդկանց մոտ, ովքեր բաց են թողնում կամ հետաձգում են նախաճաշի ընդունումը, ավելի մեծ է տրամադրության խանգարումների զարգացման հավանականությունը։ Հանրային սննդի ոլորտում անցկացված մեկ այլ ուսումնասիրություն պարզեց, որ ուղիղ կապ կա նախաճաշի և դեռահասների հոգեկան առողջության բարելավման միջև։ Իսկ Ճապոնիայում 716 հոգու մասնակցությամբ անցկացված հոգեբուժական հետազոտությունը ցույց է տվել, որ նախաճաշի հաճախակի բացթողումը զգալիորեն մեծացնում է դեպրեսիայի առաջացման հավանականությունը:

ita.am