Աշխարհում առաջին անգամ հիվանդներին քաղցկեղի դեմ պայքարող արհեստական ​​վիրուս են ներարկել
Դիտումներ՝ *
18:59 2022-05-29

Vaxinia-ն՝ տեխնածին վիրուսը, որը նախատեսված է քաղցկեղի դեմ պայքարելու համար, առաջին անգամ ներարկվել է մարդկանց մեջ։ Կենդանիների վրա արված նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ վիրուսը կարող է կրճատել հաստ աղիի, թոքերի, կրծքագեղձի, ձվարանների և ենթաստամոքսային գեղձի ուռուցքները:

Vaxinia-ն (լրիվ անվանումը CF33-hNIS VAXINIA) օնկոլիտիկ վիրուսի գենետիկորեն ձևափոխված տարբերակ է, որն ունակ է հարձակվել ուռուցքային բջիջների վրա՝ առանց առողջ բջիջների վրա ազդելու և կանխելու դրանց բազմացումը: Բացի այդ, Vaxinia-ն մեծացնում է PD-L1 սպիտակուցի մակարդակը ուռուցքներում, ինչը ստիպում է իմունային համակարգը «նկատել» ուռուցքը և արձագանքել դրան, ինչպես նաև խթանել իմունային համակարգը, ինչը մեծացնում է թերապիայի արդյունավետությունը:

Վիրուսը մշակվել է իմունոթերապիայի ոլորտում մասնագիտացած Imugene Limited ընկերության կողմից: Իմունոթերապիան համարվում է ավելի մեղմ, քան քիմիաթերապիան, որն ազդում է՝ ինչպես հիվանդ, այնպես էլ՝ առողջ բջիջների վրա, և ունի բազմաթիվ կողմնակի ազդեցություններ: Դեղամիջոցն արդեն փորձարկվել է կենդանիների վրա և ներկայումս փորձարկվում է քաղցկեղով հիվանդ 100  պացիենտների վրա՝ մետաստատիկ կամ պինդ ուռուցքներով՝ ԱՄՆ-ի և Ավստրալիայի 10 թեստավորման կենտրոններում: Թեստավորման առաջին փուլը կտևի երկու տարի։

Հիվանդները ստանում են Vaxinia-ի ցածր չափաբաժին, կամ որպես ուղղակիորեն ուռուցքի մեջ արվող կամ ներերակային ներարկում: Երբ դեղամիջոցի անվտանգությունն ապացուցվի, մասնակիցները կընդունեն իմունոթերապիայի մեկ այլ դեղամիջոց՝ պեմբրոլիզումաբը, որը խթանում է իմունային համակարգի՝ քաղցկեղի բջիջների դեմ պայքարելու կարողությունը:

«Մեր նախորդ հետազոտությունը ցույց է տվել, որ օնկոլիտիկ վիրուսներն օգնում են իմունային համակարգին արձագանքել և սպանել քաղցկեղը և այն ավելի ընկալունակ դարձնել այլ իմունոթերապիաների նկատմամբ»,- Daily Mail-ին ասել է Կալիֆոռնիայի City of Hope բժշկական կենտրոնի գլխավոր քննիչ Դանենգ Լին: «Մենք հավատում ենք, որ CF33-hNIS-ը կբարելավի մեր հիվանդների արդյունքները քաղցկեղի դեմ պայքարում»:

Նախկինում Հարվարդի համալսարանի և Կանանց առողջության կենտրոնի գիտնականները ցողունային բջիջների միջոցով ուղեղի ուռուցքային բջիջները ոչնչացնելու միջոց է մշակել: Մեթոդը փորձարկվել է մկների վրա և այժմ պատրաստ է կլինիկական փորձարկումների:

Սիրարփի Աղաբաբյան

168.am