Միլիարդատեր հայրերի խորհուրդները. ի՞նչ են բիզնես տիտանները սովորեցնում իրենց երեխաներին
Դիտումներ՝ *
17:51 2022-09-20

Երբ ձեր հայրը աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է, դուք կարող եք մտածել, որ նոր ավտոմեքենա ունենալու խնդրանքը հեշտությամբ կկատարվի: Սակայն Ուորեն Բաֆեթի որդու՝ Հովարդ Գրեհեմ Բաֆեթի համար ամեն ինչ այլ կերպ էր, երբ նա դեռահաս էր: Բաֆեթ կրտսերը երեք տարի առաջ պետք է հրաժարվեր ծննդյան և սուրբծննդյան նվերներից, ինչպես նաև ավարտական ​​նվերից, որպեսզի հայրը 5000 դոլար ներդներ Corvette-ի համար, իսկ Հովարդն ինքը ևս պետք է վճարեր 2500 դոլար: Այս մասին ասել է Հովարդը Forbes-ի հետ զրույցում՝ 1998 թվականին:

Հովարդը, ով այժմ Berkshire Hathaway-ի տնօրենների խորհրդի անդամ է, ասում է, որ երախտապարտ է իր հոր՝ ծախսեր անելու դժկամության համար:

«Իրականում, եթե հայրիկը մեզ փող տար, նա պետք է մեզ վերահսկեր։ Եվ նա մեզ ազատություն տվեց։ Նա միշտ ասում էր՝ գտիր այն, ինչ քեզ դուր է գալիս անել, և արա դա»,- ասել է Հովարդը Forbes-ին:

Եթե ​​ձեր հայրը միլիարդատեր է, բնականաբար, դա ինքնին ֆինանսական առումով մեծագույն նվեր է, բայց նման հարաբերություններն ունեն այլ առավելություններ, որոնք շատ ավելի կարևոր են, քան հսկայական ժառանգությունը: Բիզնեսի ծայրահեղ հաջողակ տիտանների սերունդներն իրենց հայրերից հաճախ ստանում են  բազմաթիվ արժեքավոր խորհուրդներ և այլ օգտակար գիտելիքներ:

Չարլզ Կոչ և Չեյզ Կոչ. «Հետևիր քո ուխտերին»

Չարլզ Կոխը՝ Coch Industries-ի գործադիր տնօրենը և տնօրենների խորհրդի նախագահը, Ամերիկայի ամենահարուստ մարդկանց ցուցակում 7-րդը, միլիոնավոր դոլարներ է ծախսել՝ ապահովելու, որ ամերիկացի քաղաքական գործիչները կիսեն իր արժեքները: Ուստի զարմանալի չէ, որ այդ արժեքները սերմանվել են նրա երեխաների մեջ։ 2018 թվականի նոյեմբերին Startup Grind միջոցառման ժամանակ նրա որդին՝ Չեյզը, հիշել է, թե ինչպես էր իր հայրը պահանջում, որ իր երեխաներն ամեն օր հետևեն ընտանեկան հինգ սկզբունքներին՝ սեր, քաջություն, հավատք, պատիվ և հավատարմություն:

«Այսպիսին է այս սկզբունքներին հետևելու պատասխանատվությունը: Դուք 5 կամ 6 տարեկան եք, նստած եք ճաշի սեղանի շուրջ, և ձեզ հարցնում են՝ «Պատմիր, թե այսօր հանուն այդ սկզբունքների ինչ ես արել, ինչ արեցիր այսօր հանուն այս սկզբունքների: Եվ ես ուզում եմ լսել պատմությունը»:

Այսօր, երբ Չեյզ Կոչը զբաղված չէ այս արժեքներն իր երեխաներին փոխանցելով, նա ղեկավարում է ընտանեկան բիզնեսի ներդրումային թևը՝ Koch Disruptive Technologies, որը ներդրումներ է կատարել այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են հիբրիդային ամպային գործիքների մշակող Mesosphere-ը և մետաղական 3D տպագրության Desktop Metals ստարտափը։

Միկի Արիսոն և Նիկ Արիսոն. «Սկսիր ներքևից»

Արիսոնների ընտանիքը միշտ էլ բիզնեսով է զբաղվել: Միկին տնօրենների խորհրդի նախագահն է և Carnival Corp նավարկության օպերատորի նախկին գործադիր տնօրենը, որը հիմնադրել է նրա հայրը՝ Թեդը (մահացել է 1999թ.): Սա վերաբերում է նաև ընտանիքի մյուս ակտիվին՝ Miami Heat-ին, որը հիմնադրվել է Թեդի կողմից և այժմ պատկանում է Միկիին, որը կառավարող գլխավոր գործընկերն է: Թիմը ղեկավարում է նրա որդին՝ Նիկը։ Այնուամենայնիվ, չնայած հարուստ նախնիների բազմաթիվ սերունդներին, Նիկը սկսել է ներքևից: 2017 թվականին Շաքիլ Օ’Նիլը Օփրայի «Վարպետության դասի» դրվագներից մեկում ասել է.

«Ես գալիս եմ պարապելու ուշ գիշերը, իսկ Նիկ Արիսոնը մաքրում է հանդերձարանը… Ես երբեք նրան կոստյումով չեմ տեսել»։ Օ’Նիլը պատմել է, թե ինչպես է Արիսոն կրտսերը, նախքան ընկերության կառավարող կազմին միանալը, փորձել իր ուժերն ընկերությունում ցածր որակավորում ունեցող բազմաթիվ աշխատատեղերում:

Ուորեն Բաֆեթ և Հովարդ Գրեհեմ Բաֆեթ. «Իմացեք, թե ինչպես օգտագործել ձեր տաղանդները»

Երիտասարդ ժամանակ Հովարդը չէր կարողանում գտնել իր կոչումը՝ նա թողեց երեք քոլեջները, աշխատեց որպես բուլդոզերի վարորդ և See’s Candies-ում, որը պատկանում էր հորը: Այսօր Հովարդը հաջողակ ֆերմեր է, վայրի բնության լուսանկարիչ և գրող, ինչպես նաև՝ Berkshire Hathaway-ի տնօրենների խորհրդի գործադիր նախագահը: Հովարդի հաջողության մի մասը վերագրվում է Ուորենի դաստիարակության ոճին, որը կիրքը հարստությունից առավել առաջնահերթ տեղում է դասում։ «Վատագույն բանը, որ կարող եք անել՝ փողի միջոցով ստիպել երեխաներին որոշակի կերպ վարվել, դրսևորվել:  Ես իմ երեխաներին ասացի, որ նրանք ոչինչ չպետք է անեն, ոչինչ պարտավոր չեն… ավարտել քոլեջը, դառնալ բժիշկ կամ իրավաբան… Ես նրանց ասացի՝ օգտագործեն իրենց տաղանդն այնտեղ, որտեղ նրանք, իրենց կարծիքով, կարող են մեծագույն օգուտը բերել հասարակությանը»,-  ասել է Ուորեն Բաֆեթը Forbes Philanthropy-ում:

Ռիչարդ Յունգլինգ կրտսերը և նրա երեխաները. «Ընտանիքի յուրաքանչյուր անդամ ունի առաջարկելու բան»

Yuengling & Son-ը՝ Ամերիկայի ամենահին գարեջրի գործարանը, պատկանում է Յունգլինգ ընտանիքին իր հիմնադրումից՝ 1829 թվականից: Սակայն դինաստիայի ներկայիս սերնդի համար Յունգլինգ և դուստրեր անունն ավելի հարմար կլինի: Երբ 1985 թվականին Ռիչարդ Յունգլինգը գնեց իր հոր բաժնեմասը և իր հսկողության տակ վերցրեց գարեջրի գործարանը, այն դժվար ժամանակներ էր ապրում։ Նա ընկերությունը կյանքի կոչեց՝ թողարկելով հայտնի Yuengling Lager ապրանքանիշը: Արտադրությունն աճեց, և նա դիմեց իր չորս դուստրերին՝ միասին նոր էջ սկսելու գարեջրի գործարանի պատմության մեջ: Նրա ավագ դուստրը՝ Ջենիֆեր Յունգլինգը, ընկերության փոխնախագահն ու գործադիր տնօրենը, անցյալ տարի Forbes-ին ասել է, որ բիզնեսը պահպանվում է քույրերի՝ միմյանցից և իրենց հորից սովորելու կարողությամբ. «Ինչպես ցանկացած ընտանիքում՝ մենք էլ ենք երբեմն վեճեր ունենում: Բայց մեր յուրահատկությունը նրանում է, թե ինչպես ենք մենք վարվում այդ տարակարծությունների հետ: Մենք հպարտ ենք, որ մեծանում և սովորում ենք ոչ միայն միմյանցից, այլև մեր հայրիկից»:

Էդվարդ Ջոնսոն III և Աբիգեյլ Ջոնսոն. «Միշտ աճելու տեղ կա»

Էբիգեյլ Ջոնսոնը հաջորդել է իր հորը՝ Էդվարդ «Նեդ» Ջոնսոն III-ին, որպես Fidelity Investments-ի գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ՝ 2014 և 2016 թվականներին համապատասխանաբար (նրա հայրը հիմնադրել է ակտիվների կառավարման ընկերությունը 1946 թվականին): Այդ պաշտոններում նա դարձավ Ամերիկայի չորրորդ ամենահարուստ կինը,  որի կարողությունը գնահատվել է 14,8 միլիարդ դոլար: Ջոնսոնը, ով միացել է ընկերությանը 1988 թվականին Հարվարդից MBA-ի տիտղոսով, ասում է, որ հայրն իրեն ավելին է տվել, քան կարիերայի հնարավորությունը: 2014 թվականին նա Forbes-ին պատմել է, որ Ջոնսոն ավագն իր մեջ սերմանել է «ձգտման համառությունն ուղղված է նրան, որ այն, ինչ անում ես՝ ավելի բարելավես: Կարևոր չէ՝ որքան բարձր պաշտոն ես զբաղեցնում, ինչ համբավ ունես, քո աշխատանքը երբեք չի ավարտվում»։

Սիրարփի Աղաբաբյան

168.am