5 թեթև ֆիլմ weekend-ին դիտելու համար
Դիտումներ՝ *
21:31 2022-05-19

Ֆիլմ դիտելու ամենահաճելի օրերն են առջևում․ նուրբ և հանգստություն փոխանցող կինոնկարները կբարելավեն ձեր տրամադրությունը, կբեռնաթափեն ուղեղը և կշեղեն աշխատանքային բուռն շաբաթից հետո։

Առանձնացրել ենք 5 ֆիլմ սիրո, ռոմանտիկայի և երիտասարդության մասին՝

«Moonrise Kingdom» («Լիալուսնի թագավորություն»)

Ուես Անդերսոնի ցանկացած ֆիլմ մի տեսակ էսկապիզմ է։ Նրա ամենահմայիչ կինոնկարներից մեկը «Լիալուսնի թագավորությունն» է: Հուզիչ պատմություն երիտասարդության, ընկերության, սիրո մասին, որն առանց արցունքների ու ժպիտի չես կարող դիտել։

XX դարի 60-ական թվականներ․ Նոր Անգլիայի կղզիներից մեկում սիրահարված մի քանի դեռահասներ փախչում են մեծահասակների վերահսկողությունից: Սեմ Շակասկին բոյ-սկաուտ է, որբ, որն իր բարդ բնավորության պատճառով դարձել է վտարանդի մյուս սկաուտների միջավայրում, իսկ Սյուզի Բիշոփը՝ մեկուսացված տասներկուամյա անհավասարակշիռ մի աղջիկ, որն ապրում է կախարդական երազանքներով աշխարհում։ Երիտասարդները պարզապես ցանկանում էին երջանիկ լինել՝ խնդիրներ չստեղծելով մեծահասակների համար։ Սակայն ամեն բան այլ ընթացք է ստանում։

«Palm Springs» («Փալմ Սփրինգս»)

Համաճարակի ընթացքում բոլորս էլ մեզ մեկուսացած էինք զգում, «Palm Springs» գիտաֆանտաստիկ ֆիլմի հերոսները կարծես նույնպես մնացել են ժամանակի օղակում: Բայց նույնիսկ նման հանգամանքներում (և չնայած իրենց կյանքի այլ տարօրինակ և երբեմն մռայլ պահերին), նրանք չեն հուսահատվում։

Նոյեմբերի 9-ին Փալմ Սփրինգսի մոտ հարսանիքի նախապատրաստական ​​աշխատանքների ընթացքում հարսնաքույրերից մեկի ընկերը վայելում է իր օրը, իսկ երեկոյան նորապսակների համար հուզիչ ելույթ է ունենում, որից հետո հարսնաքրոջ ավագ քրոջ հետ աստղային երկնքով զմայլված մտնում են խորհրդավոր քարանձավ։ Հաջորդ օրն օրացույցում կրկին նոյեմբերի 9-ն է․․․

«All Roads Lead to Rome» («Բոլոր ճանապարհները տանում են Հռոմ»)

 

Սառա Ջեսիկա Փարքեր, Իտալիա և սիրավեպ․․․ ավելի լավ տարբերակ դժվար թե լինի հավես երեկո ունենալու համար: Անկախ նրանից, թե ինչպես եք վերաբերվում «Sex and the City»-ի շարունակությանը, այս ֆիլմը դիտելը խրախուսվում է։ Դասական ֆիլմի օրինակ․ ամուսնալուծությունից հետո հերոսուհին աղջկա հետ մեկնում է Հռոմ՝ հանգստանալու և փախչելու բոլոր խնդիրներից։ Մեգին պատահաբար հանդիպում է իր նախկին սիրեցյալ Լուկային, ինչը գեղեցիկ հիշողություններ և նույնիսկ զգացմունքներ է առաջացնում հերոսուհու մոտ։

«Mistress America»

Թրեյսին Նյու Յորքի քոլեջի ուսանող է՝ համեստ և միայնակ։ Բրուքն իր էքսցենտրիկ խորթ քույրն է, որն անընդհատ շարժման մեջ է։ Լինելով այդքան տարբեր՝ աղջիկները լեզու են գտնում և զվարճալի խելագարություններ են անում միասին։

Ֆիլմի ստեղծողը մեր ժամանակների լավագույն ռեժիսորներից է՝ Նոա Բաումբախը։ Ֆիլմում ռեժիսորը ցույց է տալիս ամենասովորական մարդկանց կյանքն ու կենցաղը, բայց դա անում է զարմանալիորեն ջերմ ձևով։

«The Intern» («Փորձնակը»)

Թոշակի անցնելիս Բեն Ուիթեքերը ձանձրանում է և որոշում է թեթև աշխատանք գտնել։ Աշխատանքի է անցնում նորաձև հագուստի առցանց խանութում՝ որպես ընկերության հիմնադիր Ժյուլ Օսթինի անձնական օգնական։ Ու թեև Ուիթեքերը քիչ բան գիտի առցանց առևտրի մասին, նրա կյանքի փորձն ու իմաստությունը շատ են օգնում Օսթինին և նրա գործընկերներին:

Ռեժիսորն ու սցենարի հեղինակը՝ Նենսի Մեյերսը, տարեց հեռուստադիտողներին կհամոզի, որ թոշակի անցնելիս կյանքը շարունակվում է, իսկ երիտասարդներին կգրավի իր անկեղծությամբ և լավ հումորի համադրությամբ: