Ինչպես խուսափել սնկային հիվանդություններից. պարզաբանում է մասնագետը
Դիտումներ՝ *
19:21 2022-05-14

«Սնկային խնդիրները բավականին շատ տարածված մաշկային հիվանդություններից են: Մեծամասամբ դա պայմանավորված է նրանով, որ ունակ են ախտահարելու մաշկային ողջ ծածկույթը, ինչպես նաև մաշկի ածանցյալները` մազեր, եղունգներ»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մաշկաբան-սեռավարակաբան Կարեն Վարդանյանը: Նրա խոսքով`փոխանցման մեխանիզմը գրեթե բոլոր տեսակի սնկերի դեպքում նույնն է, սերտ կոնտակտ հիվանդի հետ: «Փոխանցում լինում է նաև հիգիենիկ նորմերի խիստ խախտման ժամանակ: Օրինակ` բազմաթիվ սնկեր կարող են փոխանցվել հիվանդի հագուստի, անկողնային ու լոգանքի պարագաների միջոցով: Սնկերն անբարենպաստ պայմաններում կարող են վերափոխվել սպորների, որոնք առավել դիմացկուն են արտաքին միջավայրում, իսկ նպաստավոր պայմաններում նորից վերափոխվել միցել ձևերի»,- պարզաբանեց մասնագետը:

«Սնկային խնդիրներն ունեն ամենատարբեր կլինիկական դրսևորումներ և ախտանիշներ, ուստի անգամ չնչին կասկածի դեպքում խորհուրդ է տրվում դիմել մաշկաբանի»,- մեզ հետ զրույցում ասաց նա: Մաշկաբանի հավաստմամբ` սնկային խնդիրներն այն խնդիրներն են, որոնք միայն արտաքին զննման ձևով ախտորոշել խորհուրդ չի տրվում:

«Անգամ, եթե մասնագետը վստահ է ախտորոշման հարցում, միևնույն է, խորհուրդ է տրվում իրականացնել լաբորատոր միկրոսկոպիկ քննություն սնկային միցելների հայտնաբերման նպատակով: Նշեմ, որ հետազոտությունից առաջ մի քանի օր խորհուրդ չի տրվում ոչ մի տեսակի միջոցների կիրառում, լինի դեղորայքային, թե խնամքի: Անգամ խորհուրդ չի տրվում տվյալ տեղամասի լվացումը»,- նշեց մասնագետը:

«Ախտորոշման լաբորատոր հաստատումից հետո, համադրելով մի շարք գործոններ` տարածվածություն, ակտիվության աստիճան, տեղակայում և այլն, բժշկի կողմից մշակվում է դեղորայքային բուժական մոտեցում, հիմնականում դինամիկ հսկողության տակ, պացիենտի պարբերական այցելություն, վիճակի գնահատման նպատակով»,- պարզաբանեց նա:

Մաշկաբանի խոսքով` բուժումից ոչ պակաս կարևոր է նաև ախտահանիչ միջոցառումների իրականացումը, քանզի բուժումից հետո կարող է կրկնավարակում լինել սեփական իրերի օգտագործումից` հագուստ, կոշիկ, անկողնու և լոգանքի պարագաներ:

Անդրադառնալով կանխարգելիչ միջոցառումներին մասնագետը նշեց.

«Կանխարգելիչ միջոցառումների շարքն իր մեջ ներառում է հիվանդների` կենդանիների և մարդկանց, հայտնաբերում և բուժում, քանզի նրանք հանդիսանում են ռեզերվուար սնկերի պահպանման համար: Պարբերաբար պետք է իրականացնել ախտահանիչ միջոցառումներ հնարավոր կուտակման վայրերում` (լողավազաններ, սաունաներ)»:

Մաշկաբանի բնորոշմամբ` անհատական կանխարգելման լավագույն գրավականը անձնական հիգենիկ նորմերի խիստ պահպանումն է:

Ամփոփելով` Կարեն Վարդանյանը խորհուրդ տվեց լինել առավել տեղեկացված, հիշելով, որ ցանկացած խնդրի կանխարգելում ավելի դյուրին է, քան երբ այն հասնում է բուժական միջամտության: