Հատապտուղներ, որոնք օգտակար են մաշկի համար
Դիտումներ՝ *
14:16 2022-05-08

Մաշկը մարդու ամենամեծ օրգանն է, ուստի դրա առողջությունն ու երիտասարդությունը պահպանելու համար հարկավոր է հոգ տանել դրա մասին ոչ միայն արտաքին օգտագործման միջոցներով, այլև համապատասխան սննդարար նյութերով։ Մաշկային խնդիրներից խուսափելու, առողջ ու երիտասարդ մաշկ ունենալու և իմունային համակարգն ամրապնդելու համար հարկավոր է առաջին հերթին հետևել սննդակարգին, քանի որ մարդու օգտագործած սննդամթերքն անմիջականորեն անդրադառնում է նրա ամբողջ օրգանիզմի, այդ թվում նաև մաշկի վիճակի վրա։ Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են հագեցնել սննդակարգը մեծ քանակությամբ թարմ ու օգտակար սննդամթերքի տեսակներով, որոնք հարուստ են անհրաժեշտ վիտամիններով, հանքանյութերով ու հակաօքսիդանտներով։

Մաշկի համար առավել օգտակար սննդամթերքի տեսակների շարքին են դասվում հատապտուղները, որոնցից որոշներն օժտված են յուրահատուկ հատկություններով։ Իրենց օգտակար բաղադրության շնորհիվ դրանք խիստ բարենպաստ ազդեցություն են ունենում մաշկի վրա՝ օգնելով պահպանել առողջ, թարմ ու երիտասարդ տեսքը, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են անպայման ներառել դրանք սննդակարգում։

MedikForum.ru կայքը ներկայացրել է մաշկի համար ամենաօգտակար հատապտուղներից մի քանիսը, որոնք ամենօրյա սննդակարգի մասը դարձնելը կօգնի խուսափել մաշկային ամենատարբեր խնդիրներից ու վաղաժամ ծերացումից։

Հապալաս

Հապալասը պարունակում է հսկայական քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք օգնում են պայքարել վնասակար ազատ ռադիկալների դեմ ու կանխել դրանց հետևանքով բջիջների վնասվածքները։ Այլ կերպ ասած՝ այս հատապտուղների գործածությունն օգնում է նվազեցնել որոշ լուրջ քրոնիկ հիվանդությունների զարգացման հավանականությունն ու դանդաղեցնել օրգանիզմի ծերացման գործընթացը։ Բացի այդ, հապալասը պարունակում է նաև զգալի քանակությամն անտոցիաններ՝ հակաօքսիդանտային հատկություններով օժտված բուսական միացություններ, որոնցով էլ պայմանավորված է հատապտուղների նման գույնը։ Այս օգտակար մթերքն օգնում է զգալիորեն բարելավել արյան շրջանառությունը, նվազեցնում է օրգանիզմում բորբոքային գործընթացների մակարդակն ու խթանում է մաշկի երիտասարդության ու թարմության համար պատասխանատու կոլագենի արտադրությունը։ Նման օգտակար հատկությունների շնորհիվ այն օգնում է պահպանել մաշկի առողջությունը երիտասարդությունն ու գեղեցկությունը, ուստի այն սննդակարգում ներառելը հիանալի ազդեցություն կունենա մաշկի վրա։

Ձմերուկ

Ամռանը խորհրդանիշներից մեկը համարվող այս հատապտուղն անչափ օգտակար է մաշկի համար, քանի որ հարուստ է C և B6 վիտամիններով։ Նման օգտակար տարրերի առկայությունը թույլ է տալիս խուսափել մաշկի չորությունից, ցանից ու վաղաժամ կնճիռներից, ուստի այն սննդակարգում ներառելը կարող է շատ արդյունավետ լինել։ Այս տարրերի պարունակությունը հատկապես բարձր է ձմերուկի կեղևի մեջ, ուստի կարելի է կեղևի որոշ հատվածներն ավելացնել սմուզիներին, հյութերին կամ անգամ դեմքի խնամքի բնական միջոցներին։

Խաղող

Մաշկի խոնավացման ու սնուցման համար լավագույն տարրերն են հակաօքսիդանտները, ջուրն ու վիտամին K-ն, իսկ դրանց հիանալի աղբյուր կարող է հանդիսանալ խաղողը։ Այս մթերքը սննդակարգում ներառելը կօգնի ազատվել մաշկի չորությունից, ինչը շատ կարևոր է հետագայում կնճիռներից խուսափելու համար։ Բանն այն է, որ չոր մաշկին կնճիռները շատ ավելի շուտ են ի հայտ գալիս և ավելի ակնհայտ են լինում, մինչդեռ մաշկի խոնավացումն օգնում է խուսափել այդ խնդրից ու հնարավորինս երկար պահպանել երիտասարդությունը։

Ավոկադո

Ավոկադոն հաճախ անվանում են միրգ կամ նույնիսկ բանջարեղեն, մինչդեռ իրականում այն ևս հատապտուղ է։ Ընդ որում՝ այն դասվում է մաշկի համար ամենակարևոր ու օգտակար հատապտուղների շարքին։ Բանն այն է, որ այս մթերքը պարունակում է մեծ քանակությամբ C և E վիտամիններ, որոնք շատ օգտակար են մաշկի համար։ Դրա յուրահատուկ նուրբ համը դուր է գալիս շատերին, ուստի այն կարելի է հեշտությամբ ներառել սննդակարգում՝ դարձնելով այն շատ ավելի բազմազան ու առողջարար։

Սև հաղարջ

Սննդակարգում ավելի շատ հաղարջ ներառելը կօգնի ապահովել մաշկի սնուցումն ու կպահպանի դրա առողջությունը, երիտասարդությունն ու գեղեցկությունը։ Բանն այն է, որ այս մթերքը հարուստ է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներով ու վիտամին C-վ, որոնք շատ օգտակար են ամբողջ օրգանիզմի, այդ թվում նաև մաշկի համար։

Լոռամիրգ

Այս հատապտուղները հարուստ են հսկայական քանակությամբ А և С վիտամիններով, ինչի շնորհիվ շատ օգտակար են մաշկի համար։ Դրանք կարելի է օգտագործել սննդի մեջ կամ կիրառել խնամքի բնական միջոցներ ստանալու համար։ Օրինակ՝ շատ արդյունավետ կարող է լինել լոռամրգի թարմ հյութը, որը կանոնավոր դեմքին քսելը կօգնի նվազեցնել կնճիռների քանակությունն ու կդարձնի դրանք շատ ավելի քիչ տեսանելի։

Ասաի հատապտուղներ

Այս համեղ հատապտուղները ևս կարող են շատ օգտակար լինել։ Դրանց գործածությունը լավագույն միջոցն է բջիջների վնասվածքների մակարդակը նվազեցնելու, կոլագենի արտադրությունը խթանելու և պիգմենտային հետքերի քանակությունն ու արտահայտվածությունը նվազեցնելու համար։ Դրանք կարելի է ուտել թարմ վիճակում կամ հավելել տարատեսակ սմուզիներին, ըմպելիքներին ու ուտեստներին՝ դարձնելով դրանք շատ ավելի օգտակար ու յուրահատուկ համ հաղորդելով։