Հարավային Կորեայում կկառուցեն առաջին լողացող քաղաքը
Դիտումներ՝ *
15:45 2022-05-04

Գլոբալ տաքացման պատճառով ծովի մակարդակի բարձրացումն առաջին հերթին վտանգ է ներկայացնում կղզիների և թերակղզիների վրա գտնվող պետությունների համար։ Այդ իսկ պատճառով UN-Habitat, Bjarke Ingels Group, SAMOO (Samsung Group), Oceanix և այլ ընկերությունները միավորել են իրենց ուժերը՝ Հարավային Կորեայում կառուցելու առաջին լողացող քաղաքը:

Ծրագիրը ներկայացվել էր դեռևս 2019 թվականին, և մինչ օրս աշխատանքներ են տարվում դրա զարգացման վրա։ Նախագիծը ստացել է Oceanix Busan անվանումը, քանի որ ըստ նախագծի գտնվելու է Հարավային Կորեայի Բուսանի ափերի մոտ:

Oceanix Busan-ը բաղկացած է լինելու մայրցամաքի հետ կապված երեք հսկայական լողացող հարթակներից, որոնց վրա կկառուցվեն բնակելի շենքեր, սննդի և առևտրի կետեր, գիտաուսումնական հաստատություններ և կառանձնացվեն հանրային հանգստի տարածքներ։ Ըստ նախագծի՝ 6,3 հեկտար տարածք ունեցող լողացող քաղաքը կտեղավորի 12000 բնակիչ: Շենքերը կառուցվելու են էկոլոգիապես մաքուր նյութերից և ունենալու են հատուկ դասավորություն, որպեսզի հնարավոր լինի ապահովել բնական օդափոխությունը: Քաղաքին էլեկտրաէներգիա կմատակարարվի արևային մարտկոցներից, սնունդը կաճեցվի ջերմոցներում, ջրի սպառումը կհասցվի նվազագույնի։ Այնուամենայնիվ, նախագիծը դեռևս կարող է ընդլայնվել մինչև 20 «կղզիներ», որոնք շատ ավելի մեծ հնարավորություններ կստեղծեն ենթակառուցվածքների զարգացման համար:

Ծրագրի մեկնարկը նախատեսված է 2023 թվականին։ Oceanix-ը երաշխավորում է, որ շինարարության առաջին փուլը կավարտվի մինչև 2027 թվականը։ Եթե ամենինչ հաջող ընթանա, ապա սա կլինի ջրի վրա կայուն համայնքի առաջին նախատիպը:

ita.am