Apple-ը գործարկում է iPhone-ն ինքնուրույն վերանորոգելու ծառայությունը
Դիտումներ՝ *
20:13 2022-05-10

Apple-ը գործարկել է բջջային սարքերի վերանորոգման ինքնասպասարկման ծառայություն։ Ընկերությունը տրամադրում է անսարքությունների վերացման ուղեցույցներ, իսկական մասեր և գործիքներ DIY վերանորոգման խանութում: Ներկայումս տարբերակը հասանելի է ԱՄՆ-ի բնակիչների համար, սակայն մինչև տարեվերջ այն կհայտնվի Եվրոպայում և այլ երկրներում։

Խանութն ունի ավելի քան 200 մասեր և գործիքներ, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս վերանորոգել իրենց iPhone 12-ը, iPhone 13-ը և iPhone SE 3-ը: Բաղադրիչները ներառում են էկրաններ, մարտկոցներ, տեսախցիկներ և այլն: Apple-ը խոստանում է նմանատիպ տարբերակներ գործարկել Mac-ի վերանորոգման համար:

Անսարքությունների վերացումը սկսելու համար հաճախորդին առաջարկվում է կարդալ վերանորոգման ձեռնարկը համապատասխան պորտալի էջում: Այնուհետև սպառողը գնում է ինքնասպասարկման խանութ և պատվիրում անհրաժեշտ մասերն ու գործիքները:

Apple-ը երաշխավորում է, որ Apple-ի յուրաքանչյուր օրիգինալ մաս նախատեսված և նախագծված է հատուկ արտադրանքի առանձին մոդելի համար: Բաղադրիչները փորձարկվում են որակի, անվտանգության և հուսալիության չափանիշներին համապատասխանելու համար: Ընկերությունը մասեր կվաճառի նույն գնով, ինչ Apple Certified Repair Services-ը: Հաճախորդները կպարգևատրվեն, եթե ընկերությանը տրամադրեն հին մաս հետագա վերամշակման համար:

Կորպորացիան հաճախորդներին առաջարկում է նմանատիպ վերանորոգման գործիքներ, որոնք օգտագործվում են Apple-ի սպասարկման կենտրոններում: Գործիքները ներառում են պտտվող պտուտակահաններ, վերանորոգման գործիքներ, ցուցադրման և մարտկոցի մամլիչներ և այլն: Գործիքների վարձակալության արժեքը մեկ շաբաթվա համար կազմում է 49 դոլար։

Վերջին տարիներին Apple-ը կրկնապատկել է սպասարկման կենտրոնների թվաքանակը, որոնց հասանելի են օրիգինալ մասերը, գործիքները և դասընթացները: Ընդհանուր առմամբ ընկերությունն ԱՄՆ-ում ունի մոտ 5000 լիազորված վերանորոգման կետ, որտեղ աշխատում է մոտավորապես 100000 մասնագետ։

Սիրարփի Աղաբաբյան

168.am