Մոլորակի ամենահարուստ մարդու՝ Իլոն Մասկի սիրելի բրենդները 
Դիտումներ՝ *
20:09 2022-04-20

Forbes-ի վարկածով՝ Իլոն Մասկը մոլորակի ամենահարուստ մարդն է՝ 219 միլիարդ դոլար կարողությամբ: Այս առիթով պատմում ենք, թե որքան արժեն SpaceX և Tesla ընկերությունների ղեկավարի հագուստը, կոշիկներն ու աքսեսուարները և որ ապրանքանիշերն է նախընտրում ձեռնարկատերը:

Givenchy

Իլոն Մասկը նման է Forbes-ի այլ վարկանիշային առաջատարներ Ջեֆ Բեզոսին և Բիլ Գեյթսին՝ հագուստին կարևորություն չտալու հարցում: Սովորաբար կրում է շապիկ, ջինսե տաբատ և սպորտային հասարակ կոշիկներ։

2021 թվականի մայիսին Saturday Night Live շոուին Իլոն Մասկը ներկայացել էր Givenchy-ի կոստյումով: Մասկի ելույթը YouTube-ում դիտվել է ավելի քան 9.5 մլն անգամ:

Սև շապիկն ու սև բաճկոնն այդքան ուշադրություն չէին գրավի կերպարում առանց կարևորագույն դետալի. կոճակի փոխարեն՝ մետաղյա սեղմակ: Մասկի ընդհանուր տեսքը, առանց կոշիկների, «արժեր» 2800 ֆունտ ստեռլինգ:

Tom Ford

Պատվերով կոստյումներ Իլոն Մասկի համար կարում է Թոմ Ֆորդը։

Իր միակ սելֆիում Մասկը ներկայանում է բրենդային սմոքինգով՝ նկարը մակագրելով՝ «Tom Ford-ն ընդդեմ ամրագոտիների», ինչը մեղմ ակնարկ կարելի է համարել հագուստի նեղ լինելու մասին:

2017 թվականին Tesla Semi էլեկտրական բեռնատարի շնորհանդեսի ընթացքում Մասկը կրում էր Tom Ford ձիթապտղի երանգով վերնաշապիկ, որը գնահատել է The Verge-ի խմբագիր Դիտեր Բոնը:

Belstaff

Մասկին հաճախ կարելի է տեսնել մաշված կաշվից պատրաստված վերնահագուստով՝ բարձր օձիքով բաճկոնով կամ օվերսայզ բոմբերով: Լոգոյից պարզ է դառնում, որ արտադրողը Belstaff-ն է, որի անջրանցիկ բաճկոններն էկրանին կրում են Ocean’s Twelve-ի, The Dark Knight-ի, The Aviator-ի, The Terminator-ի, Inglorious Basterds-ի և The Gentlemen-ի հերոսները, իսկ իրական կյանքում՝ Ջերարդ Բաթլերը և Դեյվիդ Բեքհեմը:

Everyday Astronaut

Իլոն Մասկը սիրում է բաճկոնների հետ համադրել մեխանիզմների սխեմատիկ պատկերներով շապիկներ: Համացանցի օգտատերերը երկար ժամանակ մտածում էին, թե որտեղից է միլիարդատերը գնում դրանք, մինչև որ 2019-ին ձեռնարկատերն անձամբ բացահայտեց։

Twitter-ի օգտատերերից մեկի հարցին, թե ինչ վերնաշապիկ է կրում, Մասկը պատասխանել է.

«Ես հիմա իմ ամենասիրելի Everyday Astronaut F-1 շարժիչով շապիկով եմ»:

Everyday Astronaut կեղծանվամբ գիտական հաղորդավար Թիմ Դոդը YouTube-ի իր ալիքում խոսում է հրթիռներից: Ի դեպ, Դոդն Իլոն Մասկի հետ 2 անգամ հարցազրույց է ունեցել:
Շապիկների արժեքը չի գերազանցում 32 դոլարը:

Tag Heuer

Richard Mille ժամացույցից բացի, որը միլիարդատերը կրել է Forbes-ի նկարահանման ժամանակ Brioni կոստյումով, Մասկն օգտագործում է նաև Tag Heuer Carrera Caliber ժամացույց, որը նախագծվել է Space X-ի հետ համատեղ:

Մոդելն ունի պողպատյա կլոր պատյան և մակագրություն՝ «First swiss watch in space» («Առաջին շվեյցարական ժամացույցը տիեզերքում»): Ժամացույցը թողարկվել է սահմանափակ քանակությամբ՝ 2012 թվականին: Վաճառքի մեկնարկի պահին արժեքը մոտ 6000 դոլար էր։

Nike

Մասկը սովորաբար կրում է ցածր տակացուով դասական կոշիկներ կամ անհայտ ապրանքանիշերի հասարակ սպորտային կոշիկներ: Այնուամենայնիվ, Tesla Model Y էլեկտրական քրոսովերի շնորհանդեսին 2019 թվականին ձեռնարկատերը ներկայացել էր Jordans Nike-ի կոշիկներով։ Մոդելը պատրաստված էր հատուկ Մասկի համար՝ Tesla-ի տարբերանշանով:

Yeezy

Իլոն Մասկը վաղուց է ընկերություն անում Քանյե Ուեսթի հետ։ Նրանց առաջին համատեղ լուսանկարը մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում դեռ 2011 թվականին, երբ Space X-ի հիմնադիրը ռեփերին ուղեկցում էր իր գործարանում: 9 տարի անց ընկերները կրկնեցին կադրը, բայց արդեն Մասկի տանը, որտեղ Քանյեն ընկերոջը նվիրեց իր ապրանքանիշի ֆուտուրիստական սպորտային կոշիկներ՝ Yeezy 500 High in Slate, որոնք վաճառքի էին հանվել 6 ամիս առաջ և արժեին 220 դոլար: